Զվարճասեր հանրությունը մի երկու օր առաջ հիանալի օբյեկտ գտավ։ Պարզվեց, որ Հայաստանում մեր կողքին ապրում եվ ստեղծագործում է մի հզոր, սքանչելի կատակաբան, սուր խոսքի վարպետ, որը համատեղության կարգով նաև գեներալ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։
Սույն կատակաբանը, ըստ երևույթին, որոշել էր նվազագույնը զգետնել Հակոբ Պարոնյանին, և պատմաբանների համար դառնալ մեծ առեղծված, թե ինչպես կարելի է չունենալ հումորի զգացում և անել կատակներ, որոնց ուժից հեռավոր մոսկվաներում լիքը մարդ փորլուծ է ընկել և հակաբորբոքային ոչ մի դեղամիջոց չի կարողանում դրանց վերադարձնել նորմալ կենսակերպի։
Թեմայի շուրջ ակնարկներով խոսելու փոխարեն, միանգամից ասենք, որ Մելքոնյան Գագիկ (Գագո) անձնավորությունը ի լուր աշխարհի հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Պուտինի Երևան գալու դեպքում, նրան պետք է ձերբակալեն և հանձնեն միջազգային քրեական դատարան։ Փաստորեն Պուտինը կարող է կրկնել Հարավսլավիայի ղեկավար Միլոշևիչի , բոսնիական սերբերի առաջնորդ Կարաջիչի դառը բախտը, ովքեր Հաագայից էլ տուն չվերադարձան և բանտում կնքեցին իրենց մահկանացուն։
Ի միջի այլոց, դարակազմիկ, ճակատագրական հայտարարության պահին հումորի զգացումից զուրկ Գագիկը հարբած չէր, և, ըստ արտաքին զննման, չէր գտնվում որևէ հոգեմետ կամ հոգեխանգարմունք առաջացնող միջոցի ազդեցության տակ։Նա հստակ կանգնած էր երկու ոտքերի վրա, սևեռուն հայացքով դիտում էր ապշահար լրագրողին և ընդհանրապես նմանվել էր հայազգի խիզախ Մուշեղ Մամիկոնյան սպարապետին,նորին մեր պատմական դրացի պարսիկները հակաճառելու համար քերթել էին և տիկ հանել ըստ հայոց պատմիչների մանրամասն և արժանահավատ վկայության։
Ինչպես ասում են` Ռուբիկոնն անցել են և հետ ճանապարհ այլևս չկա։
Սույն ասույթը վերագրվում է Հուլիոս կեսարին, ով Ռուբիկոն գետն անցնելով, հայտարարեց քաղաքացիական պատերազմի մասին։
Տեսնում եք ինչպիսի համեմատական կերպարներ, մի կողմից Գագիկ, մյուս կողմից հին Հռոմի դիկտատոր Հուլիոս կեսար, երկու ռազմական և քաղաքական ականավոր գործիչներ, որոնց փառքը կձգվի դարեր շարունակ։
Այո, ինչպես ասում են, խոսքը թռչուն է, եթե բերանից թռավ, էլ չես բռնի։
Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս սպառնում է կալանավորել ՀՀ ռազմավարական դաշնակից պետության, միջուկային գերպետության, հավաքական Արևմուտքի հետ հակամարտող պետության լեգիտիմ ղեկավարին:
Մարդու, որի հրամանի տակ են հազարավոր միջուկային մարտագլխիկներով զինված հրթիռներ, սուզանավեր, ինքնաթիռներ, մոտ մեկ միլիոն զինված ուժեր, արդյունավետ հակահետախուզություն, ազգային ռոսգվարդիա կոչված միավորումը, դե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն էլ կատակ չսիրող Գագիկին փեշքեշ։
Հասկանալի է, որ Գագիկը մեղմ ասած ինչ որ բան խառնել էր, որովհետև եթե նրան լուրջ վերաբերվեն, ապա առաջ են գալու որոշ հարցեր։
1 .Ինչու՞ է Գագիկը վայիս լինում Խզմալյան անունով անձին, ով ամեն շաբաթ հանդիպում է ՀՀ ղեկավար անձին և երկրում հակառուսական հիստերիայի գլխավոր ջութակն է և ըստ երևույթին գերիշխող դիրք ունի Պուշկին, Լերմոնտով հայհոյելու գործում:
2. Ինչու՞ է Գագիկն ուզում կալանավորել միայն Պուտինին:
Նա կարող էր պահանջել կալանավորել նաև Չինաստանի նախագահ ընկեր Սի Ցզինպինին, որը մինչև հիմա չի դադարեցրել Տիբեթի բռնակցումը:
Որպես վկա կարող էր հանդես գալ Տիբեթի հոգևոր ղեկավար Դալայ լաման, որը հիսունական թվերից լքել է հայրենիքը և անկասկած շատ բան ունի չինացի ղեկավարների դեմ։
3. Գագիկին կարելի էր խորհուրդ տալ, կալանավորել նաև չեխ գրող Յարոսլավ Հաշեկին հետմահու, որովհետև գրողը ստեղծել էր տխմար զինվոր Շվեյկի կերպարը, որն իր բթամտությամբ քայքայում էր ավստրիական բանակի կարգապահությունը։
Կարծում եմ, չի կարելի անընդհատ ծիծաղել և զվարճանալ մարդկանց հետ կատարվող դեպքերի վրա, որովհետև դա առնվազն քաղաքակիրթ չէ, ուստի, որպես վերջաբան ցանկանում ենք մի երկու լուրջ հարց տալ։
ա) Ի՞նչ են մտածում Գագիկի պատգամավորական ապագայի մասին ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ նախագահը և ինքը` Գագիկը:
բ) Վերջապես, ունի՞ արդյոք վարորդական իրավունք Գագիկը: Վարորդական իրավունքը ենթադրում է, որոշակի ֆիլտրեր ի շահ մեր քաղաքացիների անվտանգության և պարեկների անփորձանք ծառայության։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ